ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է
21.02.2024 | 19:41

Լեզուն արյան բաղադրությունն է, երկրի ու մարդու երակներով հոսող ավիշը, որից սնվում են մարմինն ու ոգին: Լեզուն դիմագիծդ է, մատնահետքդ ու քո ծննդյան վկայականը: Արտասանվող բառերի մեջ դու ես ու քո պատմությունը, քո տեսակը, քո էությունը: Խոսքդ գաղտնազերծում է քեզ, նշտարի պես բացում է մաշկդ, հայելու նման արտացոլում է պատկերդ:

Լեզուն կշռաքար է, որ հուշում է մտքիդ ծանրությունը, ջերմաչափ է, որ գիտի, թե որքան է տաք սիրտդ ու որքան սառն է դատողությունդ: Լեզուն հայրենիքդ է, որին կզոհաբերվես, այն ջուրն է, որ պիտի խմես ծարավելիս, այն հացն է, որ պիտի ճաշակես քաղցած ժամին: Լեզուն քո ապաստանն է, այն բերդն ու պարիսպը, որտեղ դու կարող ես լինել պաշտպանված ու անխոցելի:

Եվ ուրեմն ապրեցրու, մարմին ու շունչ տուր քո լեզվին, որովհետև միայն այդպես պիտի գոյատևես իբրև կամուրջ, որ կապում է անցյալդ ապագայի հետ, միայն այդպես կարող ես հնչեցնել քո արժանապատիվ ու ծանրակշիռ ձայնը բոլոր ժամանակների մեջ: Որովհետև հայոց լեզուն Հայոց աշխարհն է:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 5456

Մեկնաբանություններ